Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-27-ին այցելել է Իսրայել` այդ երկրի արտաքին գործերի նախարարության հետ հերթական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիել Այալոնի և այլ բարձրաստիճան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, մասնավորապես` Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Զեև Էլկինի հետ:
Պատվիրակությունն այցելել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, զրուցել է Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:-0-