Համաշխարհային բանկն աջակցելու է Հայաստանի բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, ուրբաթ ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» թեմայով ամենամյա երրորդ համաժողովի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի համար, ի տարբերություն ընդունված միջազգային չափորոշիչների, բավակականին ֆինանսական միջոցներ չեն հատկացվում։
«Համաշխարհային բանկն աջակցելու է Հայաստանի բուհերին կրթության որակի վերահսկմանը ուսուցման որակի ապահովման գոյություն ունեցող ներքին մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման գործում», - նշեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը։
Վարուդակիսը հատուկ կարևորեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում նորարարական ֆինանսական ծրագրերի ներդրումն ու արդյունավետ գործարկումը, մասնավորապես, ուսանողական կրեդիտների համակարգի զարգացումը։
Նրա խոսքերով՝ ՀԲ-ն ծրագրում է նաև մրցութային հիմունքներով ոչ պետական բուհերին դրամաշնորհներ տրամադրել։
«Բարձրագույն կրթության մակարդակի բարձրացումն ու միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցումը գիտատար տնտեսության ստեղծման կարևորագույն աստիճաններից մեկն է», - ավելացրեց Վարուդակիսը։
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 13-ին հաստատել է Հայաստանին 25 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի համար:
Ծրագիրն ուղղված է բարելավելու միջնակարգ կրթության ուսումնական պլանը, դասավանդման եղանակները, տարրական կրթության մակարդակում ներգրավվող երեխաների պատրաստվածությունն ու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրմանը Եվրոպական բուհական կրթական տարածքին։--0--