ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց հայրենակիցներին երեքշաբթի նշվող Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ՝ ազգային համաձայնության և միաբանության կոչ անելով նրանց։
«Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը: Հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը և վերագտնելով անկախությունը` առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ»,- ասվում է խոսնակի՝ հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ուղերձում։
Աբրահամյանի խոսքերով, «դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով` հայ ժողովուրդն ինքնորոշվեց, և հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը»:
Խոսնակը կարծում է, որ այդ օրերին վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, և ոսոխը մտել էր Հայոց աշխարհի սիրտը` Արարատյան դաշտավայր:
«Անասելի զրկանքներ ապրող հայությունը ոտքի կանգնեց` դիմագրավելու հայրենիք ներխուժած հրոսակներին»,- ասվում է ուղերձում։
Խոսնակի խոսքերով, այդ օրերին հայ ժողովուրդը ոչ միայն ինքնորոշվեց, այլև տեր կանգնեց անկախ ապրելու իր որոշմանը` մղելով անհավասար, սակայն հաղթական կռիվ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում:
«Փառք ու պատիվ Հայոց վերածնված պետականության հիմնադիր հայրերին և 1918թ. մայիսյան հերոսամարտի բոլոր մարտիրոսներին ու մասնակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։
«1918թ. մայիսի 28-ին կայացված որոշման և այդ օրերին մղած հերոսամարտի շնորհիվ է, որ այսօր մենք հնարավորություն ունենք խոսելու մեր անկախ հայրենիքի ինքնիշխանության մասին և զորավիգ լինելու Արցախի արդար դատին»,- ասաց Աբրահամյանը։
Առաջին հանրապետությունը ստեղծվեց հայկական հողում գրեթե հազարամյա ազգային պետականության բացակայությունից հետո: Օսմանյան կայսրությունում Ցեղասպանւթյուն ապրած հայ ժողովրդին հաջողվեց հետհեղափոխական տարիներին վեր հառնել մոխիրներից ու ստեղծել անկախ հայկական պետություն՝ Երևան մայրաքաղաքով:
1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառավարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։
Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։
Այս օրը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, այցելում է «Սարդարապատ» հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ է դնում 1918թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին:
1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։ -0-