Ամենայն Հայոց Գարեգին II կաթողիկոսը հայրենակիցներին շնորհավորանք ու հայրապետական օրհնություն է հղել՝ այսօր նշվող Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։
«1918 թվականի մայիսյան փառապանծ հերոսամարտերով մեր ժողովուրդը` համախումբ ու միասնական, պաշտպանեց Հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակում հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Կարճատև գոյություն ունեցավ առաջին Հանրապետությունը, բայց դրվեցին մեր վերանորոգված պետականության հիմքերը», - ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։
«Այսօր մենք հիշում ենք մեր ազգի համար մեծ զոհողություններով և միաժամանակ մեծ հույսերով լեցուն ժամանակաշրջանը անցած դարի: Հիշում ենք ամբողջանվեր ջանքերը մեր ժողովրդի, որ առ Աստված հավատով ու հույսով, բազմաթիվ մարտահրավերներ դիմագրավելով կառուցում էր ազատ ու ստեղծագործ կյանքը մեր Հայրենիքի», - ընդգծվում է ուղերձում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ Հանրապետության տոնի խորհուրդը հրավեր ու քաջալերություն է մեզ` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու հայրենի մեր երկրի բարգավաճումի և համայն մեր ժողովրդի բարօրության համար` հանուն մեր նախնյաց, մեր ներկայի ու մեր գալիքի:
«Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղություն շնորհի համայն աշխարհին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին զորացնի հավատքով, հայրենասիրությամբ ու եկեղեցասիրությամբ` աննվազ ջանքով ու նվիրումով, ազնիվ ու արդար գործերով ծառայելու ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորմանը», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառավարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։
Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստն անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյատևեց մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։
1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։ -0-