ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գիտության ու մշակույթի մի շարք հայ գործիչներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։Արդեն բարի ավանդույթ է դարձել Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի բարձր պարգևներ հանձնել նրանց, ովքեր իրենց գործով ու ձեռքբերումներով նպաստում են մեր երկրի համակողմանի զարգացմանը»,- ասաց ՀՀ նախագահը պարգևատրման արարողության ժամանակ։
Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ հենց նման արժանավորների աշխատանքի ու նվիրումի շնորհիվ է, որ հասարակությունները հասունանում են, բարձրանում զարգացման նոր՝ ավելի բարձր աստիճանի։
«Նման անհատների շնորհիվ է, որ հասարակությունները ձևավորում են չափանիշներ։ Չափանիշների նշաձողը բարձր պահելը առաջընթացի լավագույն միջոց է»,- ավելացրել է նախագահը։
Շնորհավորելով պարգևատրվածներին՝մաղթեց նրանց նորանոր հաջողություններ իրենց առաքելությունը կատարելու ճանապարհին։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Պատվո շքանշանով է պարգևատրվել քանդակագործ Դավիթ Բաբայանը, Մխիթար Հերացու մեդալին է արժանացել «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գարեգին Էքսյուզյանը։
Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպության նախագահ Ռիմա Խաչատրյանը, իսկ Մովսես Խորենացու մեդալին են արժանացել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանն ու արձակագիր Ռուբեն Հովսեփյանը։
Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառավարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։
Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյատևեց մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։-0-