ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկության աշխարհ EXPO 2009» երրորդ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Երևանում մայիսի 29-ից հունիսի 1-ը։ Ինչպես նշվում է ցուցահանդեսի կազմակերպիչ LOGOS EXPO Center պաշտոնական կայքում, ցուցահանդեսի հիմնական նպատակը երեխաների համար նախատեսված ապրանքների և ծառայությունների շնորհանդեսն է, ինչպես նաև նոր գործարար շփումներ հաստատելը։
««Մանկության աշխարհ EXPO 2009»-ը երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի ստեղծման հերթական քայլ է։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը տվյալ ճյուղի զարգացումն է, բարձր որակավորում ունեցող արտադրողների և մասնագետների ներգրավումը, հայկական շուկայի հագեցումը երեխաների համար նախատեսված նոր տեսականիով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ցուցահանդեսին կմասնակցեն մանկական ապրանքների և ծառայությունների արտադրողներ, ներկրողներ, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ժպտերեսիկ» ֆոտոմրցույթը, լավագույն նկարի «Փոքրիկ նկարիչ» մրցույթը, «Փոքրիկ քանդակագործ» մրցույթը, մկրտության և այլ տոնական միջոցառումների համար նախատեսված մանկական հագուստի ցուցադրություն, «Կաստանյետ» մանկական պարային ստուդիայի, «Փոքրիկ երևանցիներ» պարային խմբերի ելույթները։ Նախատեսված է նաև Տիկնիկագործների միջազգային միության հայկական կենտրոնի ժամանցային ծրագիրը, ինչպես «Կոնուս» մանկապատանեկան զարգացման կենտրոնի վարպետության դասը։
Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ ապրանքներ երեխաների համար, տան, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների կահույք, խաղալիքներ, ատրակցիոններ, ճոճանակներ, գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, մարզասարքեր, հեծանիվներ, սայլակներ, աքսեսուարներ, երեխաների հիգիենայի և կոսմետիկ միջոցներ, ապրանքներ հղիների համար։ Նախատեսված է նաև երեխաների սննդի բաժին, բժշկություն, ուսուցում և կրթություն, ինչպես նաև ֆինանսական ծառայություններ երեխաներին և մանկական հանգիստ ու զբոսաշրջություն։
Ցուցահանդեսն անցկացվում է Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի աջակցությամբ։ -0-