ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը 2009թ.-ին բռնել է պետական սահմանը խախտած 99 մարդու, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարյովը՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ ամփոփելով ընթացիկ տարվա միջակա արդյունքները։
Նա հայտնեց, որ ռուս սահմանապահների կողմից առգրավվել է 497,7 հազար ռուբլի գումարի մաքսանենգ ճանապարհով փոխադրվող ապրանք, ինչպես նաև 21 միավոր սառը զենք։
«Չնայած նրան, որ սահմանապահ վարչության գործունեությունն իրականացվում է բարդ միջազգային իրադրության մեջ ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, Իրանի և Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի պաշտպանության խնդիրը իրականացվում է լիակատար ծավալով»,- հայտարարեց սահմանապահ վարչության պետը։
Նա նշեց, որ 2009թ.-ին սահմանախախտման դեպքերի զգալի մասը տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում և Իրանի հետ սահմանի Կարճևան կետում, երբ քաղաքացիները կեղծ փաստաթղթերով փորձել են անցնել սահմանը։ Սահմանի անօրինական անցման մեկ դեպք էլ գրանցվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի գոտում։
Բոնդարյովի խոսքով, ժամանակակից սահմանը խախտողներին կարելի է բաժանել 3 կարգի։
Առաջին կարգում ընդգրկված են մարդիկ, ովքեր իրենց ճիշտ չեն կարող պահել, տառապում են կամ հոգեկան հիվանդություններից, կամ ալկոհոլի ազդեցության տակ են։
Խախտողների երկրորդ դասը փորձում է Հայաստանի տարածքում անասուն գողանալ և այն սահմանից այն կողմ անցկացնել։
Երրորդ դասում մարդիկ են, ովքեր կեղծ փաստաթղթերի միջոցով փորձում են սահմանն անցնել։
«Նրանց հետ ավելի դժվար է, բացահայտելու համար հատուկ տեխնիկա, բարձրակարգ մասնագետներ են հարկավոր»,- նշեց գեներալ-լեյտենանտը։
Ինչ վերաբերում է անասուն գողանալուն, ապա Բոնդարյովը նշեց, որ տարվա մեջ մի քանի նման փորձ է արվում, սակայն ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը փորձում է բռնել անասնագողերին ու կանխել առևանգումը։
«Սահմանապահների առկայությունը խախտողներին վախեցնող գլխավոր գործոնն է»,- ամփոփեց Բոնդարյովը։
Պետական սահմանի պաշտպանությունը սահմանապահ վարչության հատվածում 2008թ.-ին իրականացվել է ՀՀ և ՌԴ գործող սահմանադրություններին համապատասխան 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ գործող սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրի, ինչպես նաև տվյալ պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրերի համաձայն։
Հայաստանի տարածքում գործում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 58 սահմանապահ ուղեկալ։-0-