ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մի զինված ուժերի շարքերում առկա խնդիրների լուծումը, ինչպես նաև շարքային զինծառայողների իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն կապված է բանակի անվտանգության բարձրացման հետ, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
«Անհրաժեշտ է հասկանալ, որ երկրի ազգային անվտանգությունը և բանակի հզորությունը պայմանավորված են այն հանգամանքով, թե զինծառայողը բանակում և շարքային քաղաքացին հասարակության մեջ որքանով են պաշտպանված զգում իրենց»,- չորեքշաբթի ասաց նա ՀՀ օմբուդսմենի գրասենյակի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ ԶՈՒ-ում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» արտահերթ զեկույցը ներկայացնելու ընթացքում։
Պատասխանելով զինծառայողների պաշտպանվածության աստիճանի վերաբերյալ հարցին՝ Հարությունյանը նշեց, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները «այնքան էլ պաշտպանված չեն, որքան մենք կցանկանայինք»։
«Հենց այդ պատճառով էլ մենք չսպասեցինք տարեկան հաշվետվությանը, այլ որոշեցինք տվյալ արտահերթ զեկույցը պատրաստել, ինչը վկայում է հարցի արդիականության և դրան արագ արձագանքելու անհրաժեշտության մասին»,- պարզաբանեց նա։
Ընդ որում օմբուդսմենը հավելեց, որ տվյալ զեկույցի հրապարակմամբ օմբուդսմենի և ԵԱՀԿ գրասենյակների համագործակցությունն այս ոլորտում չի ավարտվում, ընդհակառակը՝ դեռ նոր սկսվում է ու շարունակական է լինելու։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան (Carel Hofstra), պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, իր հերթին նշեց, որ զեկույցում մասնավորապես կարգապահական պատժամիջոցների կիրառման ձևերի մասին առաջարկություն է ներկայացվում։
«Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել հանձնաժողովի որոշման հիման վրա, այլ ոչ թե առանձին անհատների։ Այդ դեպքում, այս կամ այն պատժամիջոցի կիրառման վերաբերյալ կհնչի ու հաշվի կառնվի մի քանի տարբեր կարծիք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս և մյուս հարցերի լուծումը լրացուցիչ քննարկման ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ մշտական երկխոսության կարիք ունի։
Բացի այդ, Հոֆստրայի խոսքով, անհրաժեշտ է մի շարք հրամանատարական կազմերում կրթական ծրագրեր անցկացնել առկա միջազգային մարդու իրավունքների վերաբերյալ և այն մասին, թե այդ գծով ինչպիսի պարտավորություններ կան։
«Բացի այդ, անհրաժեշտ է ճշտել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ռազմական գաղնիքը, քանի որ որոշակի տեղեկատվություն մի շարք դեպքերում դիտվում է որպես ռազմական գաղտնիք, սակայն իրականում դա այդպես չէ»,- պարզաբանեց նա։
Զեկույցում ընդգծվում է, որ այն խախտումները, որոնց հանդեպ նախատեսվում են կարգապահական միջոցներ, պետք է հստակ սահմանվեն, ինչպես նաև մի շարք առաջարկներ են ներկայացվում հրամանատարներին պատիժներ սահմանելու հարցում։ Զեկույցն անդրադառնում է նաև բանակում խախտումների պրոֆիլակտիկայի հարցերին, հրամանատարների պատասխանատվությանը՝ ներքին կարգերը սահմանելիս, ինչպես նաև տեղեկատվության մատչելիությանն ու ռազմական գաղտնիքներին։ -0-