Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ հարաբերությունների ամրապնդումը, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
«Նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին` դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հետ հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռենատե Ստիլլեն ասել է, որ լինելով Բրազիլիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում` իր եռամյա գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս մերձեցնել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները:
Նա նշել է, որ Հայաստանից մեկնում է ամենաջերմ տպավորություններով և կմնա Հայաստանի մշտական աջակիցը:
Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական փոխգործակցության ընդլայնումը` երկկողմ հարաբերություններում առանձնահատուկ դեր վերապահելով բրազիլահայ համայնքին:
Նրանք համակարծիք են եղել, որ մինչև տարեվերջ Բրազիլիայում Հայաստանի դեսպանատան բացումը լուրջ հիմք և խթան կլինի երկու պետությունների ու ժողովուրդների համագործակցության խորացման համար:
Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել դեսպանին՝ հետագա աշխատանքում և նշել, որ ի դեմս նրա, Հայաստանը ձեռք է բերել հայ-բրազիլական հարաբերությունների ջերմ բարեկամի:-0-