Վրացական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել ռուս գործընկերների հետ վրաց-ռուսական սահմանի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի միջով երթևեկության բացման շուրջ, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոական ներկայացուցիչ Շոթա Գվիներիան։
Մայիսի սկզբին տեղի է ունեցել «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի շինարարության ավարտի արարողությունը։ Այն Ռուսաստանի և Վրաստանի սահմանի վրա գտնվող միջազգային ավտոմոբիլային միակ անցակետն է, որը վերանորոգման նպատակներով փակվել էր 2006 թ.-ի հուլիսին։ Սակայն անցակետը փաստացի չի գործում` Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։
«Հսկիչ անցակետի միջոցով երթևեկության բացման վերաբերյալ բանակցություններ սկսելու ռուսական նախաձեռնության մասին տեղեկությունը մենք ստացել ենք Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, և վրացական կողմը բանակցությունները սկսելու վերաբերյալ իր համաձայնությունն է տալիս», - երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Գվիներիան, ում խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Գվիներիան՝ անցակետի միջոցով երթևեկության բացման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն փորձագետների մակարդակով։
«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետի միջոցով երթևեկությունը փակվել էր 2006 թ.-ի հուլիսին՝ ռուսական կողմի որոշմամբ։ Փակման պատճառը անցակետի վերանորոգման և այն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր։ Թբիլիսիում այս որոշումը որակեցին որպես երկրի նկատմամբ կիրառվող քաղաքական պատժամիջոցների մասնիկ՝ վրացական արտադրանքը ռուսական շուկաներ ներմուծելու սահմանափակումներին զուգահեռ։
Ռուսական կողմի տվյալներով՝ «Վերին Լարս» անցակետի թողունակությունը կկազմի օրական մինչև 400 ավտոմեքենա, ինչը կապահովի նաև տրանսպորտային միջոցների 12 շարքով երթևեկությունը և երկու լրացուցիչ շարք՝ պահուստային երթևեկության համար։
«Վերին Լարս» անցակետի միջոցով երթևեկության բացման նկատմամբ հատուկ հետաքրքրություն է դրսևորում Հայաստանը։ Այս երթուղով Հայաստանը արտադրանք էր ներմուծում Ռուսաստան և երկու ուղղությամբ ուղևորային հաղորդակցություն էր ապահովում։
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախորդ տարվա օգոստոսի վերջին ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Այս ամենին նախորդել էին օգոստոսի 8-ի գիշերվա իրադարձությունները, երբ վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։
Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերը ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից։-0-