Հայ և բելգիացի ձեռներեցները 100 հազար եվրո արժողությամբ համագործակցության ծրագիր են քննարկում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Բելգիայի Վալոնիա շրջանի Արտաքին առևտրի և ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունեն։
Նա նշեց, որ Երևանում մայիսի 25-26-ն անցկացվող հայ-բելգիական գործարար համաժողովի շրջանակներում կքննարկվի բիզնեսի ոլորտում հայ-բելգիական համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագիրը, որը գտնվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման (UNIDO) հովանու ներքո։
«Վեց ամիս տևողությամբ ծրագրի մեջ կներգրավվեն տասը հայկական և տասը վալոնիական ձեռնարկություններ։ Հարյուր հազար եվրո արժողությամբ ծրագրի առաջին փուլը համատեղ կֆինանսավորի UNIDO-ի և Վալոնիայի Արտաքին առևտրի և ներդրումների գործակալության կողմից», - տեղեկացրեց Սյունեն։
Նրա խոսքերով, այդ միջոցները կուղղվեն միայն շուկաների երկկողմ ուսումնասիրությանը։
Սյունեն նշեց, որ ծրագիրը կներառի մի քանի ոլորտներ, այդ թվում նաև սննդային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, գյուղատնտեսությունը, թանկարժեք քարերի առևտուրը։
«Ծրագիրը նախատեսում է հեշտացնել հայկական ապրանքների արտահանումը ռուսական և եվրոպական շուկաներ։ Բելգիան կարող է դուռ դառնալ Հայաստանի համար՝ միջազգային շուկաներ դուրս գալու տեսակետից», - ընդգծեց Սյունեն։
Նա տեղեկացրեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում հայ և բելգիացի ձեռներեցների միջև, և արդեն կարելի է որոշակի հաջողություն արձանագրել։ «Այս պահի դրությամբ քննարկվում է այն հարցը, թե կոնկրետ որ ընկերությունները պետք է ներգրավվեն ծրագրում», - ավելացրեց Սյունեն։
Հայաստանի և Բելգիայի արտաքին ապրանքաշրջանառությունը, 2007թ.-ի նույն ցուցանիշների համեմատ, 2009թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կրճատվել է 56,5 տոկոսով և կազմել 20,3 միլիոն դոլար։ Միաժամանակ Հայաստանից դեպի Բելգիա իրականացրած արտահանման ծավալը կազմել է 8,9 միլիոն դոլար՝ կրճատվելով 57,7 տոկոսով, իսկ դեպի Հայաստան ներկրվող բելգիական արտադրության ապրանքների ծավալը 2009թ.-ի հունվար-մարտ ամիսներին հասել է 11,4 միլիոն դոլարի՝ կրճատվելով 55,6 տոկոսով։ Ընդ որում, ընդհանուր առմամբ Բելգիայի տարածքից կատարվող ներկրման ծավալը կազմել է 164,5 միլիոն դոլար (46,3 տոկոսի անկում)։-0-