ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Պաշտպանության նախարարության հավաքակայանի պետը մինչև գարնանային զորակոչի ավարտը արձակուրդ է ուղարկվել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Կենտրոնական հավաքակետ կատարած շրջայցից հետո։
«Փոքր-ինչ կասկած կար, որ այդ մասում ինչ-որ բան այն չէ, և երկու օր առաջ մինչև զորակոչի ավարտը ես արձակուրդ ուղարկեցի հավաքակայանի պետին, քանի որ մենք նրան գործի վրա չենք բռնել»,- ասաց Խաչատուրովը։
Նա հայտնեց, որ հավաքակետի պետի փոխարեն ժամանակավորապես նշանակվել է Գլխավոր Շտաբի օպերատիվ վարչության սպա, ով երբեք նման հարցերով չի զբաղվել ու զինվորական սպա է։
Խաչատուրովի խոսքով, կաշառակերության գործում բռնված անձինք անպայման խիստ պատժի կենթարկվեն, ընդհուպ մինչև այն, որ կազատվեն ԶՈՒ-ից ու նրանց հանդեպ քրեական գործ կհարուցվի։
ԳՇ պետի խոսքերով, զորակոչի ընթացքում պաշտոնատար անձանց կաշառակերության մեջ բռնելը բավականին բարդ է, քանի որ զորակոչիկների ծնողներն այդ մասին խոսել չեն ուզում։
Ընդ որում նա հայտնեց, որ զորակոչի նախնական փուլում մեկ սպայի արդեն ձերբակալել են կաշառք վերցնելիս։
Խաչատուրովը հիշեցրեց նաև, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում գարնանային զորակոչի կապակցությամբ կգործի «թեժ գիծ» 661700 համարով։
«Թեժ գծով կարող է տարածվել զորակոչի հետ կապված տեղեկատվություն ՝ բնակչության անհանգստացնող բոլոր հարցերի, նկատված թերությունների ու բացթողումների մասին»,- ասաց նա։
Մայիսի 11-ից Հայաստանում սկսվել է 2009թ.-ի գարնանային զորակոչը:-0-