ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսությունը պետք է տարվի ոչ միայն նախագահների ու ԱԳՆ ղեկավարների, այլև հասարակությունների մակարդակով, կարծում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ)։
«Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում՝ մշակույթի, հասարակական կազմակերպությունների կապերի, բիզնեսի: Այդ դեպքում հարցերն ավելի հեշտ կլուծվեն, և այդ ժամանակ մենք Թուրքիայում ընկերներ կունենանք, որոնք կկարողանան իրենց ղեկավարությանը բացատրել հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
Ինչպես հիշեցրեց ՀՀԿ նախագահը, հայկական կողմը, խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման մասին, հաճախ կարծիք է հայտնում սահմանները բացելու ու տարածքները վերադարձնելու մասին, ինչը բարդացնում է կապերի նորմալացման գործընթացը։ Աբրահամյանի խոսքերով, չափազանց բարդ է վերականգնել խզված կապերը և սպասել, որ Թուրքիան կամ նրա նախագահը հեշտությամբ կլուծեն այդ հարցը։
«Նախագահը միայնակ սահմանը չի բացի, նրա ետևում պետությունն է կանգնած, ինչը մենք պետք է հասկանանք»,- հայտարարեց Աբրահամյանը։
Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվել է 2000 թվականի հունիսին՝ որպես համառուսական հասարակական կազմակերպություն։ Ներկայում ՌՀՄ-ն ունի մոտ 640 բաժանմունք Ռուսաստանի ողջ տարածքում։ -0-