ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի տնտեսական դրությունը կբարելավվի 2010 թվականին, կարծում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավար Արա Աբրահամյանը։
«2010 թվականն ավելի լավը կլինի, քան 2008 և 2009 թվականներն էին, այն ավելի կայուն կլինի, և 2010 թվականին կսկսվի տնտեսության վերելք՝ ճգնաժամից հետո։ Անշուշտ, չի հաջողվի հասնել շրջանառությունների և հասույթի նախաճգնաժամային չափերին, բայց 2010 թվականին իրավիճակն ավելի լավը կլինի»,- երկուշաբթի ասաց Աբրահամյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Ինչպես նշեց Միության նախագահը, ներկայում Ռուսաստանում առկա են մեծ դժվարություններ, իսկ խոսել այն մասին, թե առաջիկա եռամսյակում իրավիճակը կբարելավվի, չի կարելի։ Նրա խոսքերով, ՌՀՄ-ն, իր հերթին, մեծ ուշադրություն է դարձնում բիզնեսին, որի հետ մշտապես ուղիղ կապի մեջ է և հնարավորությունների սահմաններում աջակցություն է ցուցաբերում։
«Ներկայում շատ կարևոր է միաբանությւոնը, և մենք հույս ունենք, որ իրավիճակը կուղղվի։ Ռուս հայությունը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի բնակիչներից շատերը Ռուսաստանում բարեկամներ ունեն»,- նշեց Աբրահամյանը։
Մասնավորապես, ՌՀՄ նախագահը հիշեցրեց, որ եթե 400-600 հազար ֆրանսահայերից միայն 3 տոկոսը բարեկամներ ունի Հայաստանում, ապա 2,5 մլն ռուսաստանաբնակ հայերից 70 տոկոսը բարեկամներ ունի Հայաստանում։ Այդ իսկ պատճառով, ընդգծեց նա, որքան քիչ լինի ռուսահայերի հասույթը, այնքան քիչ կլինի Հայաստանում բարեկամներին հատկացվող օգնությունը։
«Ճգնաժամը կանցնի, սակայն ստեղծված իրավիճակում կարևոր է, որ մարդիկ իմանան, որ իրենց մասին չեն մոռացել, նրանց հիշում են, և նրանց խնդիրները լուծվում են։ Ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնման գործին պետք է մասնակցեն բոլորը»,- ասաց նա։
Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվել է 2000 թվականի հունիսին՝ որպես համառուսական հասարակական կազմակերպություն։ Ներկայում ՌՀՄ-ն ունի մոտ 640 բաժանմունք Ռուսաստանի ողջ տարածքում։ -0-