Հայաստանում Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատը կիրակի հանդիսավոր կերպով նշեց 85-ամյակը:
Նշանավոր տարեթվին նվիրված տոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարևը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ։ Արարողությունը տեղի է ունեցել Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում։
Միջոցառմանը ելույթ ունեցած սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Սերգեյ Պոլիշչուկը նշեց, որ չնայած նշվող 85-ամյակին՝ ջոկատի տարիքը շատ ավելի մեծ է։ «Սահմանապահ ջոկատն իր պատմությունը սկսել է 1829 թ.-ից, երբ Ադրիանապոլսի հաշտությունից և Ռուսաստանին Գյումրու միանալուց հետո այնտեղ կազմավորվեց սահմանապահ պահակախումբ», - ընդգծեց նա։
Սահմանապահ ջոկատի հրամանատարը նշեց սահմանապահների ծառայության բարդությունը, համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի զինված ուժերին, ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից սահմանապահ ջոկատի մի շարք սպաների հանձնվեց «Մարշալ Բաղրամյան» մեդալը։
Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ տոնական համերգ։
Գյումրու սահմանապահ ջոկատը ձևավորվել է 1924 թ.-ի մայիսի 20-ին։ 1968 թ.-ին ջոկատը պարգևատրվել է Կարմի դրոշի շքանշանով։ Ջոկատը հսկում է 132,6 կմ երկարությամբ Թուրքիայի հետ սահմանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում