ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայկական դպրոցների շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ։
«Սիրելի շրջանավարտներ, դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի», - ասվում է ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված նախագահի շնորհավորական ուղերձում։
Նախագահի խոսքերով՝ շրջանավարտները շատ իղձեր ու ձգտումներ ունեն։ «Ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարևոր ընտրության առջև: Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը», - ասել է նախագահը։
Նրա խոսքերով՝ դրա համար շրջանավարտները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ և պարզապես լավ մարդ: «Մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով», - նշել է ՀՀ նախագահը։
«Այս հանդիսավոր օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, վստահ եմ, դուք էլ շնորհակալության ու գնահատանքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին և ավագ ընկերոջ իրավունքով խորհուրդ եք տալիս դպրոց ու գիտելիքների աշխարհ մուտք գործող առաջին դասարանցիներին», - նշվում է ՀՀ նախագահի ուղերձում։
«Դուք ողջ կյանքում հիշելու եք ձեր դպրոցական ընկերներին, հիշելու եք մարդասիրության ու հայրենասիրության անփոխարինելի արժեքները, որ ձեր մեջ սերմանել է դպրոցը», - ընդգծվում է ուղերձում։
ՀՀ նախագահը ջերմորեն շնորհավորում է շրջանավարտներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին, բոլորի մաղթել է հաջողություն, երջանկություն և ամենայն բարիք: -0-