ՀՀ ԱԺ խոսնակը խոստացել է ակտիվացնել Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանների միջև համագործակցությունը

22.05.2009, 19:12
ՀՀ ԱԺ խոսնակը խոստացել է ակտիվացնել Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանների միջև համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրեց հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը` միաժամանակ նկատելով, որ բավական պասիվ է երկու երկրների խորհրդարաների միջև համագործակցությունը: «Ես՝ որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու եմ այդ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Եվրոպական Միության «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված և օգտվելու է քաղաքական ու տնտեսական արդիականացման այդ գործընթացում Եվրամիության ընձեռած բոլոր հնարավորություններից:

Հունգարական կողմն իր հերթին հայտնեց իր պատրաստակամությունն օգտակար լինել և աջակցել Հայաստանին` եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին սխալներից զերծ մնալու գործում:-0-