ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին 85-ամյակի առթիվ, տեղեկացնում է Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վառ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ոտք դնել երգի ու երաժշտության, բեմարվեստի ու կինոյի ասպարեզ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Աբրահամյանը նշել է Շառլ Ազնավուրի ներդրումը հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ «Լինելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների ազնիվ զավակ` Դուք փոխադարձ վստահության կամուրջ եք գցել մեր երկու երկրների միջև»,- ասել է խոսնակը։
«Ձեր համաշխարհային հռչակը նաև Հայաստանինն է, քանզի ամենուր Դուք միշտ հպարտությամբ խոսել եք Ձեր հայ լինելու մասին: Միևնույն ժամանակ Ձեր տաղանդն ու ստեղծագործությունը պարփակված չեն որևէ երկրի սահմաններով և հասու են ամբողջ աշխարհի Ձեր բոլոր երկրպագուներին»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-