ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլում մայիսի 26-27-ին հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված կոնֆերանս կանցկացվի՝ կազմակերպված SETA հետազոտական կենտրոնի կողմից։
«Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը, կվերլուծվեն հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտող գործոնները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին SETA-ից։
Միջոցառման ժամանակ կդիտարկվեն նաև Թուրքիայի և Հայաստանի դերը Կովկասում անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև հայկական փոքրամասնության ու Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների խնդիրները։
Հայկական կողմը կոնֆերանսին կներկայացնեն, մասնավորապես, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։ -0-