Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Խորվաթիայի հետ մշակութային, քաղաքական և տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև երկրների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, ուրբաթ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մեսիչն առաջին աշխատանքային այցով մայիսի 21-23-ը Երևանում է գտնվում ՀՀ նախագահի հրավերով։
«Մենք նախագահ Մեսիչի հետ կառուցողական երկխոսության և փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք հայ-խորվաթական հարաբերությունների ներկա մակարդակը և դրանց զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ»,- ասաց Հայաստանի նախագահը։
Ինչպես տեղեկացրեց Սարգսյանը, նկատի ունենալով, որ Խորվաթիան ԵՄ անդամակցության թեկնածու է, իսկ Հայաստանը ներգրավված է ԵՄ կառույցների հետ համագործակցության նախաձեռնություններում, կողմերը պայմանավորվեցին դիտարկել համագործակցության հնարավորությունները եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում։
«Ելնելով ոչ այնքան հեռու անցյալի փորձից՝ մենք Խորվաթիայի նախագահի հետ եկանք այն եզրակացության, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծցվեն բացառապես խաղաղ ճանապարհով առանց ուժի կիրառման, բանակցությունների ճանապարհով՝ միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան»,- հայտարարեց նա։
Երկրի ղեկավարը կարծիք հայտնեց նաև, որ այցի շրջանակներում խորվաթական պատվիրակությունը Խորվաթիայի նախագահի գլխավորությամբ Երևանում կանցկացնի կառուցողական հանդիպումներ, ինչը կդառնա հայ-խորվաթական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու գրավական։
Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:
Ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր:
Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:
Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից:-0-