Հայաստանի և Խորվաթիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին, ինչպես նաև Հայաստանի և Խորվաթիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրեր են ստորագրվել։
Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իսկ խորվաթական կողմից՝ Հայաստանում Խորվաթիայի դեսպան Վեսնա Ցվետկովիչ-Կուրելեցը։ Հարկերի ոլորտի համաձայանգիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու Հայաստանում Խորվաթիայի դեսպանը։
Համաձայնագրերը ստորագրվել են Հայաստանի և Խորվաթիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, ով ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան մայիսի 21-ին։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այսօրվա հանդիպման շրջանակներում փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:
Երկու երկրները ղեկավարները կարևորել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական և տնտեսական բնագավառներում: Նախագահներն ընդգծել են Հայաստանի և Խորվաթիայ միջև իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, գործարարների միջև կապերի հաստատմանը, փոխադարձ այցելությունների և գործարար համաժողովների կազմակերպմանը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակումը զբոսաշրջության ոլորտում:
Երկու երկրների նախագահները համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման, և բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը:
Սարգսյանն ու Մեսիչն ընդգծել են Եվրոպայում վերջին փակ սահմանների (հայ-թուրքական) վերացման հրամայականը և պետությունների միջև առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան կատարած առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:
Ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր:
Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:
Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից:-0-