ԱՍՏԱՆԱ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ կառավարությունների ղեկավարները գլոբալ տնտեսական ճգնաժամի հաղթահարման ընդհանուր ուղիներ են փնտրում, ուրբաթ ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Մոլդովայի գործող վարչապետ Զինաիդա Գրեչանայան։
Ըստ նրա, Աստանայում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում քննարկվել է ողջ միջազգային հանրությանը հուզող հարցը՝ տնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությունը Համագործակցության երկրների վրա։ Գրեչանայան նշել է, որ մտքերի փոխանակում է կատարվել այն հարցի շուրջ, թե ինչը կարող է ճգնաժամի հետագա հաղթահարման խթան հանդիսանալ:
«Համաձայն համընդհանուր համոզվածության՝ կառավարությունների ղեկավարների այս նիստը կնպաստի առկա խնդիրների լուծումներ գտնելուն»,- ասել է Մոլդովայի վարչապետը։
Ըստ նրա, նիստում նեղ ձևաչափով քննարկվել է ամբողջ օրակարգը, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում, այդ իսկ պատճառով ընդլայնված ձևաչափով առաջարկվել է քննարկել օրակարգի առաջին և երրորդ հարցերը՝ ԱՊՀ տնտեսական զարգացման մինչև 2020թ. ռազմավարության առաջին փուլի (2009-2011 թթ.) իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ օրակարգի գլխավոր կետը, և ԱՊՀ անդամ-պետությունների տարածք մուտք գործող Երրորդ պետությունների և քաղաքացիություն չունեցող քաղաքացիների հաշվառման միասնական համակարգի ստեղծման համատեղ աշխատանքների ծրագիրը։
Գրեչանայան շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին հյուրընկալության և աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ -0-