ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի նախագահն այսօր այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհերի հուշակոթողին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը: Այս պահին Խորվաթիայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարանում է։
Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան հինգշաբթի երեկոյան:
Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:
Ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր:
Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:
Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից:-0-