ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նաիրիտ» քիմիական գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց, որ «Նաիրիտ-2» ձեռնարկությունը, որտեղ հինգշաբթի հրդեհ է բռնկվել, ոչ մի կապ չունի իրենց գործարանի հետ։
««Նաիրիտ-2»-ը ոչ մի կապ չունի «Նաիրիտ» գործարանի հետ։ Այն առանձին ընկերություն է»,- ասաց Հարությունյանը։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, հինգշաբթի հրդեհ բռնկվել է «Նաիրիտ-2» ձեռնարկությունում։
Նրա խոսքով, «Նաիրիտ-2» գործարանի 100 քմ մակերեսով արտադրամասերից մեկում այրվել է 6х6 մ հաստոցը։
«Ձեռնարկության ղեկավարությունն իր ուժերով հանգցրել է հրդեհը, իսկ դեպքի վայր ժամանած Փրկարար խումբը հովացման աշխատանքներ է իրականացնում»,- ասաց Գրիգորյանը։
2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձացվեցին քլորոպենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկությունը՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ն զբաղվում է քիմիական տեխնոլոգիաների մշակմամբ, քիմիական նյութերի արտադրության նախագծերի ներդրմամբ, մետաղագործության ոլորտի հետազոտություններով:
Մայիսի 14-ին «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով մահացավ գործարանի չորս աշխատակից, ինչպես նաև վիրավորվեց Փրկարար ծառայության 17 աշխատակից:-0-