ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նաիրիտ» քիմգործարանի մամուլի ծառայությունը հերքում է ձեռնարկությունում բռնկված հրդեհի վերաբերյալ լուրը:
«Ձեռնարկությունում որևէ հերդեհ կամ ծուխ գրանցված չէ: Տվյալ պահին գործարանի տարածքում նախորդ հրդեհի ժամանակ այրված կառույցների ապամոնտաժման աշխատանքներ են տարվում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գործարանի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 231-րդ հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վտաս) և 285-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ) հատկանիշներով:
«Հնարավոր է, որ գործարանի մոտ փոշի է առաջացել ապամոնտաժվող որոշակի մետաղական կառույցների ընկնելու արդյունքում»,-ասաց Հարությունյանը:
«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-