ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով մինչև մայիսի վերջ կայցելեն տարածաշրջան, տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն՝ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում։
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳՆ ղեկավարը չորեքշաբթի մասնակցեց Հյուսիսատլանտյան խորհրդի՝ 28+1 ձևաչափով նիստին:
«Նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպման շրջանակներում Ֆասյեն տեղեկացրել է, որ ի շարունակություն Երևան և Բաքու անցյալ շաբաթ իր կատարած այցելության՝ համանախագահները մինչև այս ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, որը հնարավոր է կայանա Սանկտ Պետերբուրգում», - հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
Մինսկի խմբի համանախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքվում ունեցած իր հանդիպումների արդյունքները։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-