ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 21-22-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մայրաքաղաք Աստանայում հրավիրված ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու նպատակով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ուրբաթ Աստանայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ծրագրվում է քննարկել համագործակցության հարցեր տնտեսության, մարդասիրական և անվտանգության ոլորտներում։
Ընդհանուր առմամբ Աստանա ժամանելու մտադրություն ունի ԱՊՀ 11 երկրի պատվիրակություն։ -0-