Հնդկաստանն ավելի քան 400 հազար դոլար կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

19.05.2009, 19:55
Հնդկաստանն ավելի քան 400 հազար դոլար կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Հնդկաստանն ավելի քան 400 հազար դոլար կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Պանդեյը ստորագրեցին համաձայնության հուշագիր, ըստ որի` հնդկական կողմը  հիմնադրամին կտրամադրի ավելի քան 400 000 ԱՄՆ դոլար:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից, շուրջ 220 000 ԱՄՆ դոլարը կուղղվի Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգմանը:

Կողմերի միջև գործակցության հաստատման գործընթացին նպաստել է ՀՀ Արտգործնախարարությունը` ի դեմս Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի:

«Հուսով եմ` այս համագործակցությունը կլինի շարունակական, և հիմնադրամի որդեգրած «Գյուղերի զարգացման ծրագիրը» կունենա ևս մեկ հովանավոր»,- իր խոսքում նշեց Արա Վարդանյանը:

Իր հերթին Հնդկաստանի դեսպանի հավաստմամբ` Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընտրությունը Հնդկաստանի կառավարությանն է։

«Հնդկաստանի կառավարությունն առաջիկայում էլ մտադիր է շարունակել համագործակցությունը Հիմնադրամի հետ»,- ասաց Պանդեյը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։

Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 185 միլիոն դոլարի ծրագրեր։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 102 դպրոց, 410 բնակելի տուն, 35 բուժհաստատություն։-0-