Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը և անգնահատելի համարել նրա ծառայություններն՝ իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ ևս վերահստատել են, որ Հայաստանը սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց` բոլորովին այլ:
Մեծանուն երգիչն ասել է, որ 21 տարվա ընդմիջումից հետո այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և խիստ տպավորված է:
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում հանրապետության նախագահը և Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին:
Ի դեպ, Երևանում կառուցվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որտեղ օրերս եղել է նախագահ Սերժ Սարգսյանը` տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը:-0-