«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը 2009թ.-ին կկենտրոնանա Ղարաբաղի Շուշի քաղաքի խնդրի լուծման վրա, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նստաշրջանում։
«Շուշիում ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրատարների, ինչպես նաև գազիֆիկացման հետ կապված լուրջ խնդիր կա»,- նշեց Վարդանյանը։
Շուշիում ևս մեկ լուրջ խնդիր նա համարեց ուսումնական հաստատությունների հարցը։ «Շուշին հարուստ պատմական անցյալ ունեցող քաղաք է, բայց խնդիրներ այնտեղ կան գրեթե բոլոր ոլորտներում»,- ավելացրեց նա։
Վարդանյանը նշեց նաև, որ անցկացվող «Հեռուստամարաթոն-2009»-ն այս տարի կկենտրոնանա հենց Շուշիի խնդիրների վրա։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝ ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։
Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում շուրջ 35 մլն դոլարի նվիրատվություններ հավաքեց, ինչը երկու անգամ գերազանցում է 2007թ.-ի ցուցանիշը։ -0-