ԵՄ-ն պատրաստ է մասնակցել և աջակցել Կովկասում թուրքական «անվտանգության պլատֆորմի» իրագործմանը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Եվրամիությունը պատրաստ է մասնակցել և աջակցել Կովկասում թուրքական «անվտանգության պլատֆորմի» իրագործմանը, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։
«Տարածաշրջանում նոր հնարավորություններ կան, որոնք չպետք է կորցնել, այլ օգտագործել՝ ի շահ բոլոր երկրների», - ասել է Սեմնեբին։
Նրա խոսքերով՝ այս ամենի համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսություն հաստատել և կապեր ձևավորել։
«ԵՄ-ն համագործակցության բոլոր տեսակների կոչ է անում, որոնցից մեկը կարող է դառնալ անվտանգության թուրքական պլատֆորմը, և չնայած Եվրոպական Միությունն այդ նախաձեռնության անդամը չէ՝ մենք պատրաստ ենք մասնակցել և աջակցել այդ նախաձեռնությանը», - ասել է Սեմնեբին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ն շեշտադրում է Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումն ու հարևանության բարգավաճումը։
«Եվրոպական Միությունն ու Ռուսաստանը տարածաշրջանում ընդհանուր շահեր ունեն, և չնայած կողմերի միջև գոյություն ունեցող դժվարություններին և տարաձայնություններին՝ Հավարային Կովկասում դիրքորոշումների զարգացման մեծ ներուժ կա, ինչը շահավետ կլինի ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների համար», - ասել է Սեմնեբին։
Նրա խոսքերով՝ տարածաշրջանում պատմական հնարավորություններ են ձևավորվել, որոնք անհրաժեշտ է օգտագործել։--0—