ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտությունը բացասաբար կանդրադառնա արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա։
«ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, միջազգային իրավունքի և հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման և ԵԱՀԿ արտգործնախարարների հելսինկյան հայտարարությունում (2008 թ. դեկտեմբեր) ամրագրված սկզբունքների համաձայն», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Սարգսյանն ընդգծել է նաև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունը։
Միաժամանակ նա հերթական անգամ ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:
Հանդիպման ընթացքում նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ «Արևելյան գործընկերության»` օրերս Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովը հաջող մեկնարկ է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու և կապերի հետագա ընդլայնման համար։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հաճախակի հանդիպումներն ու քննարկումները վկայում են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնվող օրակարգի մասին, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում արագ արձագանքել ու լուծումներ տալ առաջ եկած խնդիրներին։
Բացի այդ, Սարգսյանն ու Սեմնեբին դրական են գնահատել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հավասարակշռված մոտեցումների ամրագրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: -0-