Ճանաչված նախիջևանագետ և հայագետ Արգամ Այվազյանի գիտագրական գործունեության ցուցահանդեսը՝ նվիրված Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությանը, ուրբաթ բացվեց ՀՀ Ազգային գրադարանում։
Արգամ Այվայզյանի 45-ամյա գիտական գործունեությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչն Ազգային գրադարանն է։
«Հայագիտությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Նախիջևանի հայկական պատմական ու մշակութային ժառանգության ճանաչված հետազոտող Արգամ Այվազյանի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա աշխատությունների մասշտաբայնության համար, որոնց շնորհիվ, չնայած ադրբեջանցիների կողմից պատմական հուշարձանների ոչնչացմանը, դրանք պահպանվել են լուսանկարներում ու կինոժապավենների վրա»,- միջոցառման ընթացքում նշեց ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։
Իր հերթին Այվազյանն ասաց, որ այսօրվա ցուցահանդեսը ինքնատիպ կանգառ է՝ հայացքով դեպի անցյալը։ «Մենք բոլորս այս աշխարհում ճանապարհորդներ ենք, և երբեմն պետք է կանգ առնել ու ետ նայել անցած ուղուն»,- ասաց գիտնականը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Խզված մեղեդի՝ Ջուղա» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Նախիջևանի հայկական ճարտարապետապատմական հուշարձաններին ու մշակութային արժեքներին։
Փաստագրական ֆիլմում հատուկ ուշադրություն է հատկացված 1998-2005 թթ.-ին Նախիջևանի տարածքում ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված հայկական խաչքարերին ու եկեղեցիներին։
Նախիջևանը գտնվում է պատմական Հայաստանի տարածքում և եղել է 1918-1920 թթ.-ի Հայաստանի Առաջին հանրապետության կազմում։ Խորհդային միության ղեկավարության որոշմամբ Նախիջևանի տարածքը կամայականորեն անջատվեց Հայաստանից ու հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։
Արգամ Այվազյանը հետազոտող է, որի լայնածավալ աշխատանքի շնորհիվ Նախիջևանի պատմամշակութային ժառանգությունը ինչպես հարկն է ներկայացված է հայագիտության մեջ։ Արդեն 4 տասնամյակ է, ինչ Այվազյանը զբաղվում է Ջուղայի խաչքարերի, Նախիջևանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ, ինչի արդյունքում հրատարակվել է ավելի քան 200 աշխատություն (այդ թվում 22 գիրք)՝ նախատեսված ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։-0-