ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի երկրները կանգնած են առավել խաղաղ և անվտանգ տարածաշրջան կառուցելու միակ մարտահրավերի առաջ, ասված է ՀՀ նախագահի ուղերձում, որն ուղղված էր Երևանում անցկացվող «Անվտանգություն և համագործակցություն Կովկասում և նրա շուրջ» համաժողովի մասնակիցներին:
Նախագահի ուղերձում ասված է, որ վերջին տասնամյակում աշխարհին իր հարուստ պատմությամբ և ավանդույթներով հայտնի Հարավային Կովկասի տարածաշրջանը հայտնվել է օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների և փորձագետների ուշադրության կենտրոնում:
«Նման հետաքրքրության հիմնական պատճառը բնավ էլ մշակութային ժառանգությունը չէ, այլ այն, որ տարածաշրջանին կարևորություն է տրվում որպես ժողովրդավարության զարգացման, միջազգային անվտանգության և համագործակցության հարթակ, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների կարևոր ուղղություն, որը ժամանակակից պայմաններում ռազմաքաղաքական և տնտեսական նշանակություն ունի»,- ասված է Սարգսյանի ուղերձում:
Նախագահի խոսքերով, ժամանակակից Հարավային Կովկասում կան թվացյալ անհաղթահարելի տարածաշրջանային խնդիրներ, փխրուն կայունություն, իսկ խաղաղության վերականգնման և կայունության համար համատեղ ուժեր են պահանջվում:
«Մեր գործերն ու ձգտումներ ուղղած են այդ նպատակին: Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների համար ապագայի ճանապարհ է հանդիսանում առկա ռազմաքաղական, տնտեսական և մշակութային շահերի զուգադրումը, Արևելքի և Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի փոխշահավետ համագործակցությունը, ինչը մեր տարածաշրջանը կդարձնի համագործակցության և խաղաղության գոտի»,- ասված է նախագահի ուղերձում:
Ուղերձում ասված է նաև, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը, խաղաղությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցությունը միայն կարգախոսներ չեն, «դրանք այն արժեքներ են, որոնց վրա հենվում է մեր պետությունը խաղաղ և կայուն տարածաշրջանի գոյության տեսլականը, երկրի արտաքին քաղաքականությունը»:
Նախագահը վստահություն է հայտնել, որ հակազդելու և անհանդուրժողականության ճանապարհը ոչ մի արդյունքի չի բերի և միայն լի է նոր սպառնալիքներով և անցանկալի կորուստներով:
«Մենք պետք է կարողանանք համատեղ ուժերով կանխել անհանդուրժողականության խորացումը, առավելագույն ջանքեր գործադրենք առկա հակամարտությունները խաղաղ կարգավորելու և հանուն մեր երկրների և ժողովուրդների բարենպաստ ապագայի համագործակցելու ուղղությամբ»,- ասված է Սարգսյանի ուղերձում:
«Անվտանգություն և համագործակցություն Կովկասում և նրա շուրջ» համաժողովն անցկացվում է Հայաստանում մայիսի 15-16-ը: Համաժողովին մասնակցում է 30 երկրի ավելի քան 50 պատվիրակ:-0-