ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահը հայկական ազգային տիկնիկներ է նվիրել Արգենտինայի քաղաքացի Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոին պատկանող հայտնի տիկնիկների հավաքածուին:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, օրերս Արգենտինայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հայկական ազգային տիկնիկների հանձնման հանդիսավոր արարողություն։
Այս տարվա հունվարի 9-ին ազգությամբ խորվաթ Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով` իր հոր՝ Լեպոսլավ Պերինիկի կողմից երկու տասնամյակ առաջ ստեղծված տիկնիկների հավաքածուին նվիրել հայկական տարազով տիկնիկներ:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության տիկնանց հանձնախմբի կողմից, մասնակցում էին Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն և նրա ազգականները, ինչպես նաև Արգենտինայում Խորվաթիայի դեսպան Միրա Մարտինեկը:
Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի կողմից նվիրաբերված հայկական տիկնիկներն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Պերենիկների հավաքածուում:
Իր հերթին Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այդքան շուտ արձագանքեց իր խնդրանքին և այդ երկու հիասքանչ տիկնիկները նվիրեց հավաքածուին:
«Այս տարվա ընթացքում ես նույնանման խնդրանքով նամակներ եմ ուղարկել նաև այլ երկրների, այդ թվում իմ հայրենիքի՝ Խորվաթիայի նախագահին, սակայն մինչ օրս միայն Հայաստանի նախագահից եմ ստացել դրական արձագանք, ինչի համար սրտանց շնորհակալ եմ», - ասել է Թերեզա Պերենիկը:
Նրա խոսքերով՝ շատ կարևոր է, որ պետության ղեկավարը՝ չնայած իր բարձր պաշտոնին ու գերզբաղվածությանը, շարունակում է հասանելի մնալ հասարակ մարդկանց համար։ Պերենիկ ընտանիքին պատկանող հավաքածուում այժմ կան մոտ 400 տիկնիկներ՝ ավելի քան 150 երկրներից, որոնք հիմնականում նվիրվել են պետությունների ղեկավարների կամ առաջին տիկինների, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչների կողմից: -0-