Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է գործարանի չորս աշխատակիցների որոնումը, որոնք պայթյունի պահին գտնվում էին քլորոպրենի արտադրամասում, այդ մասին դեպքի վայրից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանին:
«Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է գործարանի չորս աշխատակիցների որոնումը, որոնք պայթյունի պահին գտնվում էին քլորոպրենի արտադրամասում, սակայն զոհերի մասին հստակ տվյալներ փրկարար ծառայությունը դեռևս չունի»,- ասաց Գրիգորյանը:
Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 17:40-ի սահմաններում: Կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։ Ոստիկանները շրջափակել են գործարանի շրջակա տարածքը:
«Շտապ օգնության» տվյալներով՝ երկու մարդ է զոհվել և չորսը վիրավորվել է, նաև բազմաթիվ մարդիկ են դիմել բուժօգնության՝ տարբեր աստիճանի այրվածքներով:
«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:
2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։
Գործարանի միջին ամսական հզորությունը 700-750 տոննա արտադրանք է կազմում, սակայն իրական ամսական ծավալները տատանվում են 900-950-ից մինչև 500 տոննա քլորոպրենային կաուչուկ։ -0-