Երկու մարդ է զոհվել և չորսը վիրավորվել «Նաիրիտ» քիմիական գործարանի հրդեհի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Շտապ օգնության» օպերատիվ ծառայության ղեկավար Արտյոմ Պետրոսյանը:
«Դեպքի վայրում աշխատում է շտապ օգնության 6 բրիգադ, չորս բժշկական և երկուսը՝ դիակների տեղափոխման համար»,- ասաց նա:
Պետրոսյանի խոսքերով՝ մեկ մարդ դեմիք այրվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Բժիշկներին դիմում են նաև թեթև այրվածքներով մարդիկ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում տեղում»,- ասաց նա:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այրվում է քլորոպրենի արտադրամասը, հայտնեց ձեռնարկության աղբյուրը։ Զրուցակցի խոսքերով՝ այրվում են գործարանի ռեակտորները։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։
Նրա տվյալներով՝ գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի պատճառներն առայժմ անհայտ են
«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ --0--