ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման գործընթացին միջամտելու Թուրքիայի փորձերը կարող են վնաս հասցնել գործընթացին, հինգշաբթի Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, հենց այսպես է Նալբանդյանը մեկնաբանել Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիպ Էրդողանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի բացի սահմանները Հայաստանի հետ մինչև Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություներն ընթանում են Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա, և կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները:
«Եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձևը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին»,- ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնխանդրի կարգավորման վերաբերյալ՝ ընգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները։
Բրիտանական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Միացյալ Թագավարության արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ֆոլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը և հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը:-0-