ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունն է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում։ Արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքերով՝ նոր մասնաշենքը մակերեսով չորս անգամ գերազանցում է հին շենքին։ Նա ընդգծեց, որ նոր մասնաշենքի շինարարությունը հայ ժողովրդի արարելու անսպառ ձգտման ևս մեկ ապացույց է։
Մատենադարանի տնօրենը հատուկ նշեց «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի վաստակը, ով ֆինանսավորել է նոր մասնաշենքի կառուցման գործը։
Կառուցվող շենքը օրհնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայ Եկեղեցու առաջնորդը նշեց Մատենադարանի անգին ավանդը հայկական մշակույթի և գիտության գործում՝ նշելով, որ «իր արժեքայնությամբ ու նշանակությամբ Երևանի Մատենադարանը դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը, համաշխարհային ժառանգության մի մասնիկը»։
Կաթողիկոսի խոսքից հետո Սերգեյ Համբարձումյանը և մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դրեցին կառուցվող շենքի հիմքում տեղադրեցին սրվակ՝ գրությամբ։
Հանդիսավոր արարողությունից հետո գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը տեղեկացրեց լրագրողներին, որ նոր մասնաշենքի կառուցման ժամանակ արվել է ամեն ինչ, որպեսզի հին շենքը մնա դոմինանտ, իսկ նոր շենքը աչքի չընկնի և չստվերի հին շենքը։
Նա ընդգծեց, որ նոր մասնաշենքը սովորական շենք չէ, այլ բարդ ինժեներական համալիր, որը կոչված է ստեղծել բոլոր պայմանները հնագույն ձեռագրերի հուսալի պահպանության և գիտնականների աշխատանքի հարմար պայմանների ապահովման համար։
Ճարտարապետն ավելացրեց նաև, որ շնորհիվ նոր մասնաշենքի՝ հինը կօգտագործվի գրքերի և ձեռագրերի ցուցահադրությունների համար, դրա ցուցադրության մակերեսը կմեծանա 6 անգամ։
Ինչ վերաբերում է նախագծի ընդհանուր արժեքին, ապա Մեսչյանն ասաց, որ միայն շենքի շինարարության արժեքը կգերազանցի 20 մլն ԱՄՆ դոլարը՝ առանց օտարերկրյա թանկարժեք սարքավորումների, որը պետք է ապահովի գրքերի և ձեռագրերի պահպանությունը:
Իր հերթին շինարարությունն իրականացնող «Ալբերտ Կարախանյան և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Կարախանյանը տեղեկացրեց, որ նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը կկազմի 12,5 հազ. քմ, իսկ շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2011 թվականի սեպտեմբերին։ Նա նաև ասաց, որ այնպիսի բացառիկ շենքի կառուցումը, ինչպիսին Մատենադարանն է, շինարարների վրա մեծ պատասխանատվություն է դնում, և նրանք կփորձեն պատվով ավարտել այդ աշխատանքը։
«Մատենադարան» հին ձեռագրերի պահոցը ստեղծվել է 1957 թվականին։ Նրա ֆոնդում հաշվառվում է շուրջ 17 հազ. ձեռագիր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին ձեռագրեր` հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։--0—