ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բաքվի և Անկարայի լավ հարաբերությունները չպետք է խոչընդոտեն հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, կարծում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, որոնց միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, վերջին շրջանում որոշակի տեղաշարժեր են գրանցվել, մասնավորապես, արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին և «ճանապարհային քարտեզ» ընդունել։
«Թուրքիան, բնականաբար, կողմ է Ադրբեջանի հետ հիանալի հարաբերություններին, սակայն ներկայումս դա չպետք է խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, թեև այսօր, դա, դժբախտաբար, այդպես չէ»,- հինգշաբթի Երևանում «Վերագնահատելով Հարավային Կովկասի անվտանգ միջավայրը. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և տրանսֆորմացիա» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց Զոլյանը։
Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայում չկա համաձայնություն այդ հարցի վերաբերյալ, և այն ներկայումս տեսական դաշտում է մնում։
Միաժամանակ քաղաքագետը կարևորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, ինչը հնարավորություն կտա հաստատել վստահության այն մթնոլորտը, որը «պետք է այդ թվում հենց Թուրքիային բանակցային գործընթացի վրա ազդելու համար»։
Զոլյանը հիշեցրեց, որ Թուրքիան ընդգրկված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, սակայն բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումը թույլ չտվեց նրան մասնակցել բանակցային գործընթացին։
Նրա խոսքերով՝ Անկարան այն աստիճանի էր ներգրավվել բանակցային գործընթացում, որ 1993 թվականին նույնսիկ ստեղծվեց համանախագահների եռյակ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներից, բայց Հայաստանի հետ սահմանների փակումը և բացահայտ թշնամական մոտեցումները բացառեցին նրան՝ որպես Ադրբեջանի դաշնակցի։
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ցանկացած դրական քայլ, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը»,- ասաց Զոլյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-