ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա մայիսի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքում։
Համերգը տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային հինգերորդ երաժշտական փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է ապրիլի 22-ից մայիսի 29-ը։ Փառատոնն անցնում է Vivacell-MTS ընկերության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Փառատոնի գեղարվեստական խորհուրդը գլխավորւոմ է հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։ Խորհրդի անդամներն են կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Երվանդ Երզնկյանը, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը, Օպերայի և բալետի ազգային պետական ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ինչպես նաև փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը և Գարիկ Նազարյանը։
Համերգի ծրագրում կընդգրկվեն Մանսուրյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Agnus Dei» լարային տրիոյի և «Con Anima» ստեղծագործության հայաստանյան պրեմիերաները, ինչպես նաև կհնչեն «Մայրամուտի երգեր» և «Canti paralelli» ստեղծագործությունները։
«Մենք արդեն երեք համերգ ենք տվել։ Դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ էր, և վաղը տեղի կունենա սպասված համերգը, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին»,- հինգշաբթի հայտարարեց «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիրներից մեկը՝ Մարիամ Շահինյանը մամուլի ասուլիսում։ Իր հերթին Մանսուրյանն ասաց, որ իր հոբելյանին նվիրված համերգ անցկացնելը պարտք է համարում։
Հայ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ հունվարի 27-ին` Բեյրությում: 1947թ Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և 1956թ վերջնականապես հաստատվել Երեւանում:
Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-65թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել Կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-95թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:
Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների և կոմպոզիտորների հետ, որոնց թվում են` Վալենտին Սիլվեստրովը, Ալֆրեդ Շնիտկեն, Սոֆիա Գաբայդուլինան, Անդրեյ Վոլկոնսկին, Էդիսոն Դենիսովը և ուրիշներ:
Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից Եվրոպական մեթոդների համաձուլում:
Հագեցած է Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը: 1989թ գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծագործել է նվագախմբի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, ոկալ ստեղծագործություններ:
Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:-0-