ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Զբիգնև Բոնեկ» նոր արծաթե հուշադրամը
«Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Զբիգնև Բոնեկ» նոր արծաթե հուշադրամը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է։ Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում։
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է։
Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքև ՀՀ զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում`«09»: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևում՝ հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»։
Հուշադրամի դարձերեսին Լեհաստանի դրոշի գունային ֆոնի վրա Զբիգնև Բոնեկի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Ներքևում Զբիգնև Բոնեկի մակագրությունն է: Եզրաշուրթի վերևում շրջագծով մակագրված է «ZBIGNIEW BONIEK»։
Զբիգնև Բոնեկը (Zbigniew Boniek) ծնվել է 1956թ. մարտի 3-ին։ Հանրաճանաչ լեհ ֆուտբոլիստ է։ «Ֆուտբոլի արքա» Պելեի կողմից ընդգրկվել է հարյուրամյակի 125 լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական ցուցակում։
Խաղացել է թուրինյան «Յուվենտուսում»։ Գավաթների Գավաթի մրցանակակիր է, Եվրոպացի չեմպիոնների գավաթի և Եվրոպայի Սուպերգավաթի գավաթակիր։
Իր երկրի ազգային թիմի հետ միասին նվաճեց 1982թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ։ Խաղալով լեհական հավաքականներում՝ Բոնեկը խփել է 24 գնդակ 80 խաղում։ -0-