ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական ԶԼՄ-ները բազմիցս դիտավորությամբ խեղաթյուրել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը և հենց հաջորդ օրը հերքել են իրենց իսկ հայտարարությունները, հայտնեց ԼՂՀ Հանրային ռադիոկայանի քաղաքական մեկնաբան Սերգեյ Գրիգորյանը։
Երկուշաբթի մի շարք ԶԼՄ-ներ եղեկատվություն են տարածել այն մասին, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Բրայզան իբր հայտարարել է, որ «Ղարաբաղն ու մյուս տարածքները կվերադառնան Ադրբեջանին, քայլ առ քայլ, փուլ առ փուլ՝ փախստականների հետ միասին»։
«Հայտնի ասացվածքն ասում է. վատ օրինակը վարակիչ է:Այս անգամ իր ուժերը ապատեղեկատվության ոլորտում փորձել է «Էխո Մոսկվի» հայտնի ռադիոկայանը՝ շտապելով հաջորդ օրը ևեթ ադրբեջանական ոճով հերքումով հանդես գալ»,- չորեքշաբթի ասաց լրագրողներին Գրիգորյանը։
Ըստ նրա, պարզվում է, որ ռադիոկայանում դժվարացել են թարգմանել Բրայզայի՝ թեկուզ անգլերեն արտասանությամբ ասած ռուսերեն բառերը։
«Իսկ հնարավոր է, ռադիոկայանի ղեկավարությունը պարզապես ինչ-որ հանձնարարություն էր կատարում։ Արդյունքում ստացվեց, որ այն «արջի ծառայություն» մատուցեց ադրբեջանական կողմին, իսկ այնուհետև փորձեց «հանգստացնել» հայկական կողմին։ Գործնականում տուժեց Բրայզայի հեղինակությունը»,- ասաց Գրիգորյանը։
Ղարաբաղցի մեկնաբանը հայտարարեց, որ «ռադիոկայանի կողմից սեփական ապատեղեկատվության հերքումն ամենևին էլ չի ենթադրում դիվանագետի ներողամտությունն ու հանդուրժողականությունը, այնպես որ նա կարող է փոխհատուցում պահանջել իրեն հասցված բարոյական վնասի համար»։
«Այդպես են վարվում քաղաքակիրթ բոլոր երկրներում։ Իսկ ինչպե՞ս կվարվի Բրայզան»,- ասաց Գրիգորյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-