Արցախի անմիջական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անհրաժեշտություն է դարձել, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
«Մասնակցության անհրաժեշտությունը հասունացել է, քանի որ ներկայում անվստահության վտանգավոր մթնոլորտ է ձևավորվել հայկական և ղարաբաղյան հասարակություններում, և մեր իշխանությունները պետք է տան այդ վստահությունը ԼՂՀ հասարակությանը, դարձնել նրան բանակցությունների անմիջական մասնակիցը»,- չորեքշաբթի հայտարարեց Վահան Հովհաննիսյանը։
Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ արցախցիները չպետք է հույսեր կապեն միայն Հայաստանի իշխանությունների կամ կուսակցությունների հետ, այլ իրենք էլ պետք է ակտիվություն դրսևորեն այդ հարցում՝ միաժամանակ առանց ծայրահեղական դիրքորոշում որդեգրելու՝ ասելով, թե Հայաստանն այլևս չի ներկայացնում ԼՂՀ շահերը։
Ինչպես կարծում է խորհրդարանականը, Արցախը պետք է ազդեցություն ունենա Հայաստանի իշխանությունների վրա, և եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տեսնի, որ հայկական իշխանությունները շեղվում են ավելի վաղ նախանշված դիրքորոշումից կամ ազգային անվտանգության ռազմավարությունից, ապա պետք է ազդի նրանց վրա։
«Կարծում եմ, որ Արցախը վերջին ժամանակներում ինքն էլ է մի փոքր պասիվ, և այժմ չի կարելի վիրավորվել Հայաստանում դիրքորոշման որոշակի փոփոխությունից, պետք է փնտրել պատճառը սեփական պասիվության մեջ»,- հայտարարեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-