ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսլան Ֆաթհիփուրի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՀՀ և Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցեցին նաև իրանական խորհրդարանի պատգամավորական խմբի անդամներ, ինչպես նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը:
Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկեցին օրենսդիրների կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով:
Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան առևտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին: Նրանք նաև արծարծեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` Ալի Արդաշիր Լարիջանիի ջերմ ողջույնները և վերջինիս անունից վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը:-0-