ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկու մարդ զոհվել, ևս երկուսը տուժել են Սյունիքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Սյունիքի մարզում` Գորիսի Արցախյան խճուղում, տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել Եգոր Մարգարյանին պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի և Գրիշա Պետրոսյանին պատկանող «Իկարուս» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2109 ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված Եգոր Մարգարյանը և ուղևոր Սիմոն Բալյանը տեղում զոհվել են, իսկ մյուս ուղևորները` 27-ամյա Արմեն Մուրադյանը և 22-ամյա Ռուբիկ Փանոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: -0-