ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը կօգնի վերջերս ցրտահարություններից տուժած ֆերմերներին, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը։
«Ներկայումս ուսումնասիրվում են ցրտահարությունների հետևանքները, աշխատում է հատուկ հանձնաժողով։ Երբ հաստատվեն անցկացված հետազոտության արդյունքները, գնահատվեն ցրտահարության հետևանքները, կառավարությունն իր պահուստային ֆոնդից աջակցություն կցուցաբերի գյուղատնտեսությանը»,- երեքշաբթի նա հայտնեց լրագրողներին։
2009 թ.-ի ապրիլին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով Հայաստանի որոշ մարզերում տուժել են պտղատու և հատիկային բույսերը։
Ինչպես նշեց Ավետիսյանը, ներկայումս դժվար է հասցված վնասի և ֆերմերներին նախատեսվող օժանդակության չափի որոշակի թվեր ասել, քանի որ մոնիտորինգային հանձնաժողովները դեռևս աշխատում են տուժած մարզերում։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի բերած տվյալներով՝ ցրտահարություններից առավել տուժած մարզերն են Տավուշի, Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերը։
Միևնույն ժամանակ Ավետիսյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ ֆերմերներին ուղղակի դրամական օգնություն չի ցուցաբերվի, քանի որ հաճախ նման օգնությունը ֆերմերներն ըստ նշանակության չեն օգտագործում։ Ինչպես կարծում է փոխնախարարը, տուժած ֆերմերներին օգնություն կցուցաբերվի սերմերի և պարարտանյութի տեսքով։ -0-