Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերքել է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասին, հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։
Երկուշաբթի մի շարք ԶԼՄ-ներ տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Բրայզան իբր հայտարարել է, որ «Ղարաբաղն ու այլ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, քայլ առ քայլ, փուլ առ փուլ փախստականների հետ միասին»։
«Բրայզան հերքել է այդ տեղեկատվությունը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ», - հաղորդում է ՀՀՀ-ն՝ հղում անելով ՀՀ արտգործնախարարությանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախ լինելուն։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ. մայիսի 12-ին, զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-