ՀՀ ԱԺ պատգամավորները, ոստիկանության, Գլխավոր դատախազության և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ժամանակ քննարկեցին արտերկրում գողացված ավտոմեքենաների՝ հանրապետություն ներկրելու դեմ պայքարի հարցը։
Ինչպես հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է կանխել հափշտակված մեքենաների ներմուծումը հանրապետության տարածք: Հաշվի առնելով, որ կան այդպիսի մեքենաներ և չի բացառվում, որ կլինեն նաև հետագայում` փորձ է արվում ոլորտում որոշակիություն մտցնել և հնարավորություն տալ իրավակիրառ մարմիններին ու քաղաքացիներին կանխատեսելի դարձնել այն իրավիճակը, երբ հափշտակված մեքենա է ներկրվում հանրապետություն:
Արդարադատության նախարարի խոսքերով, Մաքսային օրենսդրությունում կատարվելիք լրացումներով առաջարկվում է սահմանել պետիշխանության մարմինների և մաքսային մարմինների՝ արտերկրում գողացված մեքենաների ներկրման դեմ պայքարի ոլորտում համագործակցության կարգը, ինչպես նաև նման մեքենաների ներկրման մասին ՀՀ ոստիկանությանն իրազեկելու կարգը։
Համաձայն Քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների, նախատեսվում է երկամյա ժամկետ սահմանել գողացված ավտոմեքենաների օտարերկրացի սեփականատերերի համար մեքենան իրենց վերադարձնելու նպատակով հայց ներկայացնելու վերաբերյալ։
Ինչպես պարզաբանեց Դանիելյանը, այդ ժամկետից հետո մեքենաները կհամարվեն բարեխղճորեն մեքենա գնած ՀՀ քաղաքացիների սեփականությունը։
Նրա կողմից բերված տվյալներով, ներկայում Հայաստանում գրանցված է արտերկրում հափշտակված 400 ավտոմեքենա, որոնք ներկրվել են երկիր ավելի քան երկու տարի առաջ։
«Այդ պատճառով անհրաժեշտ է լուծել այն հարցը՝ կտարածվի, արդյո՞ք, նման մեքենաների վրա հայցի ներկայացման անհրաժեշտության պահանջը երկու տարվա ընփացքում։ Կարծում եմ, որ աննպատակահարմար է չորս տարի առաջ երկիր ներմուծած մեքենաների դեպքում սպասել ևս երկու տարի»,- նշեց նա։ -0-