Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը
Թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ արված ջանքերը։
«ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում ես ընդգծել եմ թրաֆիքինգի դեմ պայքարի անհրաժեշտությւոնը ամենաբարձր քաղաքական մակարդակով»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բյոդեն։
Երևանում իր եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում Բյոդեն հանդիպեց ՀՀ փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար, Թրաֆիքինգի դեմ պայքարի պետական միջգերատեսչական խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի, ինչպես նաև Ազգային ժողովի, ԱԳ, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարությունների, Ոստիկանության, Գլխավոր դատախազի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
«Միջազգային փորձը վկայում է, որ նմանատիպ համագործակցությունը կարևոր նախապայման է թրաֆիքինգի զոհերի նույնացումն ապահովելու և նրանց համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Բյոդեն։
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը կոչ արեց նաև ՀՀ իշխանություններին ուշադրոթյուն դարձնել ներքին թրաֆիքինգի հնարավոր առկայության խնդրի վրա։
«Հասարակական կարծիք է ձևավորվել, որ թրաֆիքինգը դրսևորվում է միայն սահմանների հատման ժամանակ, սակայն իրականում, թրաֆիքինգի փաստի արձանագրման համար կարևոր է մարդու շահագործման փաստի հաստատումը, ոչ թե սահմանի հատումը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ խոսքը գնում է սեռական շահագործման, ստիպողական աշխատանքների, անչափահասներին մուրացկանության դրդելու, մի խոսքով, մարդու շահագործման ցանկացած տեսակի մասին։
Այդ առումով Բյոդեն ընդգծեց նաև համապատասխան հնարավորությունների ու գիտելիքների ուժեղացման և ընդլայնման անհրաժեշտությունը հնարավոր թրաֆիքինգի դեպքերի արդյունավետ բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև բնակչության այն խոցելի շերտերի մանրամասն հետազոտություն, որոնց ներկայացուցիչներն ամենից ավելի են ենթարկվում թրաֆիքինգի։
«Իրազեկվածության և տեղեկացվածության բարձրացումը կնպաստի նաև թրաֆիքինգի դեպքերի վերացման կանխարգելիչ միջոցների արդյունավետ իրագործմանը»,- ասաց նա։
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ողջունեց նաև ՀՀ համապատասխան կառույցների՝ թրաֆիքինգով զբաղվող անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ տարվող քայլերի ակտիվացումը։
Միաժամանակ նաև մտահոգություն հայտնեց, որ թրաֆիքինգի համար վերջին տարիներին դատապարտված անձնանց մեծամասնությունը կազմում են կանայք, ընդ որում՝ նրանցից ոմանք նախկինում իրենք են թրաֆիքինգի զոհ եղել։
«Ես ցանկանում եմ կոչ անել իշխանություններին այդ հանցագործության հիմնական կազմակերպիչներին և դրանից իրական շահ ունեցող անձանց բացահայտմանն ու դատապարտմանը»,- հավելեց Բյոդեն։
Մայիսի 7-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների, ԱՄՆ, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցավ Թրաֆիքինգի զոհերի բարելավված պաշտպանության աջակցության և ռեսուրսային կենտրոնի բացումը:
Կենտրոնը հիմնադրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և ԱՄՆ կառավարությունների աջակցությամբ: Կենտրոնի գործունեությունը կիրականացվի 2008 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարության միջև ստորագրած Փոխըմբռնման մասին հուշագրի համաձայն։ -0-